Մեր լուրերը և հոդվածները

Մոնիկայի պատմությունը. ինչպես ծիրանի կորիզը քիչ էր մնացել արժենար նրա կյանքին

2025-09-18 12:28
Մոնիկան՝ երիտասարդ և աշխույժ շուն, միշտ սովոր էր դիմավորել բոլորին ուրախ վազքով ու փայլուն աչքերով։ Բայց մի օր ամեն ինչ փոխվեց։ Սովորական աշխուժության փոխարեն նրան տանջում էր կանաչ փսխումը, նա ամբողջությամբ հրաժարվել էր սննդից ու ջրից, դարձել էր թուլացած ու անտարբեր։ Տերերը դա համարեցին ահազանգ և չսպասեցին, որ ամեն ինչ ինքնուրույն անցնի։ Նրանք անմիջապես բերեցին նրան մեր կլինիկա։

Սոնոգրաֆիկ հետազոտության ժամանակ մենք հայտնաբերեցինք օտար մարմին նրա աղիքներում։ Դա բացատրում էր թե՛ փսխումը, թե՛ ընդհանուր ծանր վիճակը։ Նման դեպքերը հաճախ են հանդիպում․ կենդանիները կարող են պատահաբար կուլ տալ այնպիսի բաներ, որոնք բոլորովին անվտանգ չեն նրանց օրգանիզմի համար։ Մոնիկայի դեպքում դա ծիրանի կորիզ էր։ Թվում է՝ մանրուք, բայց հենց այդպիսի իրերը կարող են խցանել աղիների անցուղին և լուրջ վտանգ ստեղծել։

Նրան փրկելու միակ ճանապարհը վիրահատությունն էր։ Մեր վիրաբույժները կատարեցին աղիքի ռեզեկցիա և հանեցին կորիզը։ Վիրահատությունը հաջող անցավ, բայց դա միայն առաջին քայլն էր։ Առաջիկա օրերը ամենակարևորն էին՝ վերականգնումը։

Ամբողջ շաբաթ մենք և տերերը ուշադիր հետևում էինք Մոնիկայի վիճակին։ Նրան նշանակվեց խիստ դիետա, ամբողջությամբ սահմանափակվեց ակտիվությունը, տրվում էր միայն թեթև սնունդ և շատ խնամք։ Քիչ-քիչ նա սկսեց նորից ուտել, հետաքրքրվել շուրջը կատարվողով ու վերականգնել էներգիան։ Տերերի համբերության, բժիշկների աշխատանքի և հենց Մոնիկայի ուժեղ բնավորության շնորհիվ վերականգնումը հաջող անցավ։

Այսօր նա նորից առողջ է, խաղում է և ուրախանում կյանքով, կարծես ոչինչ էլ չի եղել։ Նրա պատմությունը հիշեցում է բոլոր կենդանատերերին․ նույնիսկ փոքր իրերը, եթե կուլ են տրվում, կարող են մեծ վտանգ առաջացնել։ Եթե ձեր շունը կամ կատուն սկսում է փսխել, հրաժարվում է սննդից կամ հանկարծ դառնում է անտարբեր, մի սպասեք։ Արագ դիմեք բժշկի։ Որքան շուտ ստանա օգնություն կենդանին, այնքան մեծ է առողջության և կյանքի պահպանման հնարավորությունը։