Մեր լուրերը և հոդվածները

Ինչո՞վ է վտանգավոր այս օրենքը․ հրապարակայնության արգելք և հասարակական վերահսկողության իմիտացիա

Օրինագծի ամենախնդրահարույց և վտանգավոր հատվածը վերաբերում է լուսանկարներին և տեսանյութերին։ Տեքստում ուղիղ նշվում է, որ կենդանիների նկատմամբ բռնության կամ դաժան վերաբերմունքի մասին արված նկարահանումները կարող են օգտագործվել միայն լիազորված մարմինների ներսում քննության համար, պետք է պահպանվեն միայն այդ մարմնի կողմից, իսկ ցանկացած այլ օգտագործում, այդ թվում՝ բաց հարթակներում հրապարակումը, արգելվում է։
Այսինքն, եթե դուք նկարահանել եք, թե ինչպես է կենդանատյացը ծեծում շանը, ինչպես են բռնման ծառայության աշխատակիցները դաժան վերաբերվում կենդանիներին կամ ինչպես են «կացարանում » կենդանիներին պահում են սարսափելի պայմաններում, դուք պարտավոր եք տեսագրությունը լուռ ուղարկել «ուր պետք է» և լռել։ Ցույց տալ մարդկանց, լրատվամիջոցներին, հրապարակել սոցիալական ցանցերում, որպեսզի հասարակությունը տեսնի խնդիրը և արձագանքի, այլևս թույլատրված չէ։
Բացության և հանրային ճնշման փոխարեն առաջարկվում է փակ համակարգ, որտեղ ակտիվիստը դառնում է պարզապես նյութ մատակարարող, իսկ հետո ամեն ինչ որոշվում է փակ դռների հետևում։ Եվ եթե լիազորված մարմինը ոչինչ չանի, դուք ո՜չ միայն կմնաք առանց արդյունքի, այլ նաև կարող եք ինքներդ հայտնվել պատասխանատվության տակ՝ տեսագրության սխալ օգտագործման համար։
Միաժամանակ օրինագծի հիմնավորման մեջ գրված է, որ դրանում «ամրագրված է հասարակական վերահսկողությունը»։ Դա հնչում է այնպես, կարծես կենդանիների պաշտպանները, կամավորները և պարզապես անտարբեր չմնացող քաղաքացիները վերջապես կստանան իրական ազդեցության գործիքներ։ Սակայն եթե ուշադիր կարդում ենք 7-րդ հոդվածը, պարզ է դառնում, որ սա վերահսկողություն չէ, այլ դրա իմիտացիա։
Փաստացի օրենքը պարզապես ասում է, որ քաղաքացիներն ու հասարակական կազմակերպությունները կարող են իրականացնել հասարակական վերահսկողություն, իսկ այդ վերահսկողության արդյունքները կարող են ներկայացվել լիազորված մարմիններին կամ տեղական ինքնակառավարման մարմիններին։ Այսինքն մարդիկ կարող են ինչ-որ բան ուղարկել, իսկ մարմինները կարող են պարզապես լռել։ Տեքստում բացակայում են պետական մարմինների պարտավորությունները․ չկա՜ պատասխանելու երաշխավորված ժամկետ, չկա՜ դիմումը քննարկելու, ստուգում անցկացնելու, հասարակական ներկայացուցիչներին գործընթացին ներգրավելու պարտավորություն։
«Հասարակական վերահսկողության» գործառույթները փաստորեն սահմանափակվում են նրանով, որ մարդիկ կարող են հանրային վայրերում նկարահանել կենդանիների նկատմամբ իրականացվող գործողությունները և նյութերը ուղարկել մարմիններին, մասնակցել մարդասիրական վերաբերմունքի քարոզչությանը, տեղեկացնել բնակչությանը օրենքի նորմերի մասին։
Այսինքն հասարակությանը վերածում են անվճար տեսանյութերի աղբյուրի և քարոզիչների, բայց չեն դարձնում գործընկեր՝ իրական իրավունքներով՝ մուտք կացարաններ և բռնման կետեր, մասնակցություն ստուգումներին, վերահսկողություն համայնքային պայմանագրերի և ստերջացման ծրագրերի կատարման նկատմամբ։
Արդյունքում հասարակությունը չի՜ ստանում համակարգը իրականում վերահսկելու իրավունք, իշխանությունը չի՜ ստանում իրական արձագանքելու պարտավորություն, իսկ կենդանիների պաշտպաններից փաստացի խլվում է նրանց հիմնական գործիքը՝ հրապարակայնությունն ու հանրային աղմուկը։ Այս խմբագրությամբ «հասարակական վերահսկողությունը» պարզապես գեղեցիկ բառ է օրենքի տեքստում, որի հետևում չկան ո՛չ լիազորություններ, ո՛չ երաշխիքներ, ո՛չ էլ կենդանիների իրական պաշտպանություն։
Մենք հանդես չենք գալիս կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի դեմ։ Հայաստանին իսկապես անհրաժեշտ է նման օրենք։ Բայց դա պետք է լինի օրենք, որտեղ հասարակական վերահսկողությունը դեկորացիա չէ, այլ իրական մեխանիզմ՝ մուտքի իրավունք կացարաններ և բռնման կետեր, մասնակցություն ստուգումներին, իրավասու մարմինների պարտավորություն արձագանքելու և հաշվետու լինեու: Ո՜չ թե օրենք, որը արգելում է ցույց տալ ճշմարտությունը և դա անվանում է վերահսկողություն։
#ԿանգնեցնենքՎտանգավորՕրենքը #StopTheDangerousLaw #ОстановимОпасныйЗакон
Ստորագրել են 2 856 մարդ
Ստորագրել հանրագիրը՝