Դիլիջանի փողոցներում փոքրիկ շունը՝ մարած աչքերով, հազիվ էր կանգնում։ Այդպես նրան նկատեց Գրանտ Մաչարյանը։ Նա չկարողացավ անտարբեր անցնել և որոշեց օգնել։ Սակայն ինքն անձամբ նրան բերել չէր կարող, և այդ պահին օգնության հասավ մեկ ուրիշ հոգատար մարդ՝ տաքսու վարորդ Վաչեն։ Ճանապարհի ողջ ընթացքում նա նրբորեն խնամում էր Կոկոյին և հասցրեց նրան մեր կլինիկա։
Կենդանու վիճակը ծանր էր․ անտարբերություն, ախորժակի բացակայություն, արցունքոտ աչքեր։ Զննությունն ու ուլտրաձայնային հետազոտությունը ցույց տվեցին լուրջ ախտորոշումներ՝ պիոմետրա և աճուկային ճողվածքներ։ Ժամանակը հաշված րոպեների հարց էր, և մենք որոշեցինք շտապ վիրահատություն կատարել։
Վիրաբույժները հեռացրին բորբոքված արգանդը և կարեցին երկու ճողվածքները։ Վիրահատությունն անցավ հաջող։ Մի քանի օր անց Կոկոն արդեն ավելի աշխույժ էր՝ սկսեց ուտել, աչքերը լցվեցին հետաքրքրությամբ ու կյանքով։
Կոկոյի պատմությունը միայն բժշկության մասին չէ։ Այն նաև մարդկանց մասին է՝ Գրանտի, ով գտավ նրան, և Վաչեի, ով բերեց կլինիկա։ Նման քայլերն են աշխարհը դարձնում ավելի բարի։
Մենք համաֆինանսավորել ենք Կոկոյի բուժումն ավելի քան 35 000 դրամով, որովհետև համոզված ենք՝ յուրաքանչյուր փրկված կյանք արժե դա։