Մեր լուրերը և հոդվածները

Աշնանային ծուխը՝ թույն բոլորի համար

Հայաստանում ամեն աշուն կրկնվում է նույն պատկերը՝ բակերում ու դաշտերում կրակներ են բռնկվում։ Կրակի մեջ գցվում են տերևներ, գոմաղբ, կենցաղային աղբ, երբեմն էլ՝ պլաստիկ և անվադողեր։ Շատերին սա թվում է սովորական բան՝ «միշտ էլ այսպես են արել»։ Բայց իրականում սա աղետ է, որը թունավորում է բոլորին։

Ինչու է վտանգավոր աշնանային ծուխը

Երբ այրվում են տերևներն ու գոմաղբը, օդ են արտազատվում ածխածնի մոնօքսիդ, դիօքսիններ և մանր մասնիկներ, որոնք հեշտությամբ ներթափանցում են թոքեր։ Իսկ եթե կրակի մեջ հայտնվում է պլաստիկ կամ ռետին, թունավորությունը բազմապատկվում է, և մենք շնչում ենք քաղցկեղածին նյութեր։
Մարդկանց համար դա նշանակում է գլխացավեր, հազ, ասթմայի սրացում, ալերգիաներ, թոքերի և սրտի քրոնիկ հիվանդությունների վտանգ։
Կենդանիների համար հետևանքները ոչ պակաս ծանր են․ շները և կատուները շնչում են նույն օդը, իսկ նրանց շնչառական համակարգը ավելի խոցելի է։ Ծուխը գրգռում է լորձաթաղանթները, առաջացնում խեղդամահ լինելու զգացողություն, բրոնխիտ կամ նույնիսկ թոքերի այտուց։ Թռչունների և վայրի կենդանիների համար ծուխը նշանակում է խուճապ ու մահ։

Ինչպես վարվել ճիշտ

  • Ընկած տերևները կարելի է օգտագործել որպես կոմպոստ՝ բնական պարարտանյութ։
  • Գոմաղբը պետք է օգտագործել հողի համար, ոչ թե կրակի մեջ։
  • Կենցաղային աղբը պետք է հանձնել կամ դուրս բերել, այլ ոչ այրել պատուհանների տակ։
Մենք «Շունն ու Կատուն»-ում ամեն օր տեսնում ենք, թե ինչպես են կենդանիները տառապում «սովորությունից»։ Ծուխը պարզապես տհաճ հոտ չէ, դա թույն է։ Այն դանդաղ, բայց անխուսափելիորեն սպանում է մեր ընտանի կենդանիներին, մեզ և մեր երեխաներին։
Դադարեցրեք արդարանալ սովորություններով։ Դադարեցրեք թունավորել օդը։ Աշնանային կրակները պետք է մնան անցյալում՝ հակառակ դեպքում մենք ինքներս մեզ կզրկենք ապագայից։