Մեր լուրերը և հոդվածները

⚠️ Որքանով է վտանգավոր այս օրենքը․ տուգանք «անհամատեղելի տեսակների» և կենդանիների սովորական բախումների համար

2025-12-08 13:41
Վարչական իրավախախտումների օրենսգրքի փոփոխությունների նախագծում կա մի դրույթ, որը առաջին հայացքից գեղեցիկ է հնչում․ արգելվում է կենդանիներին միմյանց վրա հարձակման դրդել և միասին պահել այն կենդանիներին, որոնք «միմյանց չեն համապատասխանում»։
Սակայն փաստացի վերածվում է բոլորովին այլ բանի․ եթե կենդանիները «համարվեն անհամատեղելի», կամ նրանց միջև տեղի ունենա ագրեսիա, հարձակում կամ կռիվ, դա արդեն կարող է հիմք դառնալ տուգանքի համար՝
քաղաքացիների համար՝ 100 000 դրամ,
պաշտոնատար անձանց համար՝ 200 000 դրամ։
Կենդանիներին դիտավորյալ միմյանց վրա դրդելը, մարտեր կազմակերպելը միանշանակ պետք է խստորեն պատժվի։ Եվ պետք է ստեղծվի հստակ մեխանիզմ մարտերը ֆինանսավորողներին և անցկացնողներին հայտնաբերելու և պատժելու համար,ինչը փաստացի չի՛ արվում։ Ավելին այդ ամենի կողքին հայտնվում է «անհամատեղելի տեսակների» ձևակերպումը և նույն տեսակի կենդանիների միջև բախումների համար պատասխանատվությունը։
Այստեղ առաջանում է հիմնարար հարց․ ո՞վ և ի՞նչ չափանիշներով է որոշելու, թե որ տեսակներն են «համատեղելի», իսկ որոնք՝ ոչ։ Շունն ու կատուն համատեղելի են, թե՞ ոչ։ Կատուն և թութակը, շունն ու նապաստակը, մի բնակարանում մի քանի կատու պահելը, մի վանդակում մի քանի շուն պահելը․ որտե՞ղ է անցնում այդ «սահմանը»։
Կացարանում ապրում են մի քանի շուն։ Տարիներով ամեն ինչ հանգիստ է, բայց մի օր նրանք կռվում են՝ սննդի կամ սթրեսի պատճառով։ Կենդանի էակների համար դա բնական վարք է։ Բայց օրենքի տառով մեկ կռվի փաստն արդեն կարող է դառնալ տուգանքի հիմք այն մարդկանց համար, ովքեր կացարանը պահում են միայն նվիրատվություններով։
Բնակարանում ապրում են երեք կատու։ Երբեմն նրանք վիճում են, պայքարում տարածքի համար։ Տերը լուծում է դա կաստրացիայով, տարածքի բաժանմամբ, վարքային աշխատանքի միջոցով։ Սակայն ձևականորեն սա հեշտ է կոչել «անհամատեղելի պահում՝ ագրեսիայով», և կրկին առաջանում է տուգանքի վտանգը։
Ընտանիքը տանը ունի շուն և կատու, որոնք երբեմն իրար հետևից վազում են։ Աշխարհի միլիոնավոր ընտանիքների համար սա սովորական պատկեր է, ոչ թե դաժանություն։ Բայց ցանկության դեպքում սա ևս կարելի է մեկնաբանել որպես «անհամատեղելի տեսակների համատեղ պահում, որը հանգեցրել է ագրեսիայի»։
Կամավորները բակում կերակրում և ստերջացնում են շների խումբը։ Երբեմն կենդանիների միջև լինում են կոնֆլիկտներ՝դոմինանտության, սննդի կամ հորմոնների պատճառով։ Փոխարենը, որ կամավորներին օգնեն պայմանների բարելավման և ստերջացման հարցում, ստեղծվում է գործիք՝ այդ ամենը «սխալ պահում» որակելու և պատժելու նրանց, ովքեր ընդհանրապես ինչ-որ բան են անում։
Իրական դաժանության՝ մարտերի, դիտավորյալ հարձակումների, խոշտանգումների համար պատասխանատվությունը պետք է խստացվի։ Սակայն այս ձևակերպմամբ օրենքը վտանգ է ստեղծում կացարանների, ժամանակավոր խնամքի, բազմակենդանի ընտանիքների և կամավորների համար։ Կենդանիների միջև ցանկացած կոնֆլիկտ կարող է վերածվել տուգանքի պատճառի՝ այն մարդկանց համար, ովքեր նրանց կերակրում են, բուժում և պարզապես փորձում են նրանց նորմալ կյանքի հնարավորություն տալ։
Մենք դեմ չենք կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքին։ Այդ օրենքը անհրաժեշտ է։ Սակայն ոչ այս ձևով։ Ներկայիս խմբագրությունը լայն դաշտ է բացում հենց կենդանիներին փրկողների նկատմամբ պատժիչ մոտեցումների համար և գրեթե չի՛ փոխում իրավիճակը նրանց հանդեպ, ովքեր իրականում վնասում են կենդանիներին։
Անհրաժեշտ է այլ մոտեցում՝ օրենք, որը հիմնված է ստերջացման վրա՝ որպես կենդանիների թվի կարգավորման միակ մարդասիրական մեթոդ, կացարանների և անասնաբուժական կլինիկաների իրական աջակցության, հստակ ձևակերպումների և իրական դաժանության համար պատասխանատվության խստացման վրա։ Տեքստը պետք է վերաշարադրվի կենդանապաշտպանների, անասնաբույժների և իրավաբանների մասնակցությամբ, որպեսզի այն աշխատի Հայաստանի քաղաքների և գյուղերի իրական պայմաններում, այլ ոչ թե միայն գեղեցիկ հնչի բացատրական գրության մեջ։
Ստորագրել հանրագիրը՝ (https://forms.gle/tYkUMPzvNhTTBRV27)